Էլեկտորատից զրկվել է, զրկվում է նաև թիմից. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրություններից հետո առավել մեծ թափով է իրավապահ համակարգը դարձրել քաղաքական բռնաճնշումների գործիք, բացի ներքին վախերից, ամբողջ պետական համակարգը «զավթելու» անհագ փափագից, ունի նաև այլ՝ ոչ պակաս խորքային պատճառներ: Ամենատարբեր սոցհարցումներով ակնհայտ էր, որ դեռևս մինչև հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը մոտավորապես 30 տոկոսի սահմաններում է:
Վարչական ռեսուրսի հաշվին նա կարողացավ մեծամասնություն ստանալ ու նորից վարչապետ դառնալ: Սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրան մնացել է փաստացի միայն վարչական ռեսուրսը, այսինքն՝ զրկվել է իր համար ամենաթանկ ու կարևոր գործոնից՝ էլեկտորատից: Նա հիանալի հասկանում է, որ այլևս չի կարող խոսել «ժողովրդի աջակցության» մասին: Հենց այս հանգամանքն էլ Փաշինյանին ստիպում է դիմել բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների գործիքակազմին՝ վախի մթնոլորտ սերմանելու և հանրության մեջ «ամենակարողի» իմիջ ապահովելու համար: Սակայն սա ամենը չէ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նա աստիճանաբար կորցնում է նաև թիմը: Բանն այն է, որ ՔՊ-ում ներկայումս լուրջ խմորումներ են, ինչը կարող է ներքին պայթյունի բերել: Շատ քպականներ մի կողմից՝ դժգոհ են այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որի բեռը նաև իրենք են կրում, մյուս կողմից՝ հասկանում են, որ Նիկոլը հանգիստ կարող է «փուռը տալ» իրենցից յուրաքանչյուրին, ու ոչ ոք չի պլստալու. դրա օրինակները քիչ չեն: Այնպես որ, իրավական տեռորի միջոցով Փաշինյանն ուզում է զսպել նաև իր թիմակիցներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում