Թուրքիայում սիրիացի երեխաներին ստիպում են համազգեստ կարել ԻՊ զինյալների համար. Daily Mail
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի երեխաները ստիպված են աշխատել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համար զինվորական համազգեստ կարող թուրքական ձեռնարկությունում, գրում է Daily Mail-ը:
Թերթը սեփական հետաքննությունն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ 9-ամյա սիրիացի երեխաները «մանկական ստրկության» մեջ են գտնվում: Դպրոց գնալու փոխարեն նրանք ստիպված են օրական 10 ֆունտի համար 12 ժամ աշխատել: Ծնողները նրանց աշխատանքի են ուղարկում գումարի սղության պատճառով:
Թերթի տեղեկություններով՝ գործարանի 35-ամյա սեփականատեր Աբու Զաքուրին չի հուզում ո՛չ այն, որ այնտեղ երեխաներ են աշխատում, ո՛չ էլ այն, որ արտադրանքը մատակարարվում է ԻՊ գրոհայիններին:
«Դա իմ խնդիրը չէ: Իհարկե, դա խնդիր է, բայց ես ուզում եմ վաճառել իմ արտադրանքը եւ գումար վաստակել»,- ասում է նա՝ հավելելով, որ այդպես ինքն օգնում է սիրիացի երեխաներին ողջ մնալ:
Թերթը նշում է, որ համազգեստը մատակարարվում է ոչ միայն ԻՊ գրոհայիններին, այլ նաեւ մյուս ահաբեկչական խմբավորումներին՝ «Ջաբհաթ ան Նուսրա» կամ «Ահրար աշ Շամ»:
Թերթը մեջբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները, որոնց համաձայն, Թուրքիայում ապրող սիրիացի երեխաների մոտ 80 տոկոսը դպրոց չի գնում: Ընդ որում, մինչեւ պատերազմը սկսվելը Սիրիայում տարրական կրթություն էր ստանում երեխաների 99 տոկոսը, իսկ միջնակարգ՝ 82 տոկոսը: