Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանը 10 օրով դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա տեխնիկական անսարքության պատճառով, ինչը թուրքական իշխանություններին ստիպել է գազով աշխատող էլեկտրակայաններին կարգադրել 40 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։
Թուրքական բնական գազի դիստրիբյուտորներին եւս առաջարկվել է մինչեւ 60 տոկոսով կրճատել մատակարարումը խոշոր սպառողների համար, բացառությամբ ջեռուցման համար օգտագործվողների, հայտարարել են թուրքական հատվածի պաշտոնյաները:
Իրանը Թուրքիային ծանուցել է բնական գազի մատակարարումը 10 օրով դադարեցնելու մասին, սակայն մատակարարումներն ավելի շուտ սկսելու բանակցությունները շարունակվում են, հավելել են պաշտոնյաները։
Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Իրանից գազի ներկրումից։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2021 թվականի առաջին տասը ամիսներին միայն Իրանն ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը։
Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են համաշխարհային աճի եւ անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի 44 տոկոս անկման պատճառով։
Այս ամիս էլեկտրաէներգիան թանկացել է 125 տոկոսով բարձր պահանջարկ ունեցող առեւտրային բաժանորդների եւ մոտ 50 տոկոսով ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար։
Կենցաղային օգտագործման համար բնական գազի գները հունվարին աճել են 25 տոկոսով, իսկ արդյունաբերական օգտագործման համար՝ 50 տոկոսով, հայտնել է BOTAS ազգային դիստրիբյուտորը: