Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին. Razm.info
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸRazm.info կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։
2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։
Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։
Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։
Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստները՝ ըստ ամիսների։
* Զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել էր հուլիսին։
Համեմատելու համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։
Նշվում է, որ որպես մարտական կորուստ հաշվվում են մարտական գործողությունների ժամանակ կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստների թվում հաշվել են սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով եղած կորուստները (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն)։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։