Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆaravot.am-ը գրում է.
Անցան շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է, թե պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը կարող է տրամադրվել պաշտպանության նախարարությանը։ Նախարարը տեղեկացրել է, թե արդեն խնդրել է Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին՝ քննարկել նման հնարավորությունը։
Ըստ նախարարի, ՊԵԿ-ի «ուսումնական կենտրոնը» կարող է հետագայում ծառայել «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանին։ Կարելի է պնդել, որ «Ուսումնական կենտրոնը» ՊՆ-ին տրամադրելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, եւ որքանով է այդ օբյեկտը հարմար ռազմական ուսումնարանի համար։
Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ, պատկերավոր ասած, «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան։ Նման գերճոխ ռազմական ուսումնարան չկա նույնիսկ ԱՄՆ-ում, որի պաշտպանությանը հատկացվող բյուջեն 580 միլիարդ դոլար է եւ գերազանցում է մեր ռազմական բյուջեն 1400 անգամ։ Չկա նաեւ Չինաստանում, որի ռազմական բյուջեն 215 միլիարդ դոլար է՝ 540 անգամ ավելի, քան մեր ռազմական՛ բյուջեն…։
Ռուսաստանի դեպքում այդ հարաբերակցությանը 185 է, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 138 եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց այս երկրներից եւ ոչ մեկը իրեն թույլ չի տա «7 աստղանի» կոմֆորտով օբյեկտ տրամադրել ռազմական ուսումնարանի համար։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, թվարկենք դրա մի քանի «բարեմասնություններ»։ Օբյեկտը ունի մեկ հիմնական շենք եւ բազմաթիվ այլ կառույցներ։
Թվով հինգ քոթեջներ, որոնցից յուրաքանչյուրը ունի մի քանի ննջասենյակ։ Օբյեկտում կան սպա կենտրոններ, սաունաներ, ռեստորան, մի քանի սրճարան, թենիսի մի քանի կորտեր, առանձին հյուրանոց…։ Այդ կառույցը հագեցած է մեղմ, շատ մեղմ ասած՝ ճոխ կահավորանքով։ Մասնավորապես դռները իտալական «NOVIPLA» ֆիրմայի արտադրության են՝ փայտյա եւ զրահապատ։ Օգտագործվել են իտալական «Շպոնապատ սալեր իրականացված բարձր որակով», Արաբական Էմիրություններում արտադրված պրեսգրանիտե սալեր, զուգարանակոնքեր, կերամիկական լվացարաններ, բիդեներ։ Միայն մեկ պայմանագրով այդ օբյեկտի համար 41 միլիոն դրամանոց խոհանոցային պարագաներ են գնվել։ Հատուկ ձկան համար նախատեսված պատառաքաղներ, ստեյքի համար ուրիշ պատառաքաղներ…։
Սիգարի քրոմապատ կտրիչներ, «Մետաղյա սառույցի գդալ», «Մետաղյա շեյքեր», «Սառույցի աղաց, ապակյա, մետաղյա կափարիչով, 1.5 լիտր տարողությամբ»…։ Օրինակ, մի տեսակի՝ երեք ատամով պատառաքաղի երկարությունը սահմանված է եղել 204 միլիմետր, չորս ատամովը՝ 203 միլիմետր….։ Անձեռոցիկների մետաղական տուփ է գնվել 114 հատ, յուրաքանչյուրը 40 հազար դրամ, օճառամաններից յուրաքանչյուրի գինը 60 հազար դրամ է….։
Բաղնիքներում տեղադրված «խոշորացույցով հայելիներից» յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է։ Վարագույրները գերմանական են։ Ամբողջ կառույցը պատված է սրբատաշ տրավերտինով։ Մի խոսքով, ըստ միայն պաշտոնական փաստաթղթերի, այս օբյեկտի վրա պետական բյուջեից ծախսվել է 26 միլիարդ դրամ կամ մոտ 60 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ Երեւանի կենտրոնում կառուցված միջազգային բրենդային հսկայական հյուրանոցը 23 միլիոն դոլար է արժեցել։ Դիլիջանի օբյեկտը փաստորեն ավելի քան 2 անգամ թանկ է դրանից։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ