Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾLife.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Մարտան, ով հանրությանը նորովի ներկայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, որի ընթացքում պայքարեց մինչեւ եզրափակիչ փուլ:
- Մարտա, «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո այլ կերպ ներկայացաք հանդիսատեսին, ավելի շատ երկրպագուներ ձեռք բերեցիք ու շատերին ծանոթացրիք Ձեր երգեցողությանը: Երբ երգիչը բարձր նշաձող է սահմանում, պատավորություն է ստանձնում հետագայում նոր բարձրունքներ գրավել: Այս առումով ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ուղին:
- Նախ շնորհակալ եմ լավ կարծիքի համար: Ինձ շատ հաճելի էին անցած ամիսները, ես ձեռք բերեցի երկրպագուներ, կամ պարզապես մարդիկ, ովքեր հավանեցին այն, ինչ ես անում եմ: Շատ անգամ ինձ մոտ եղել է մեծ ցանկություն մասնակցել որեւէ նախագծի, որտեղ կկարողանամ երգել կենդանի եւ ներկայացնել այն երգերը, որոնք ես եմ ուզում ու լսում, եւ դրանով իմ աշխատանքից հաճույք ստանալ: Ինչ վերաբերվում է պարտավորությանը, ես պարտավոր եմ առաջինը ինքս ինձ պարզապես չկորցնելու իմ տեսակը, թեեւ, եթե կորցնելու լինեի, ապա տարիներ առաջ արդեն դա կլիներ: Ես չեմ կարող ստաբիլ լինել էկրաններին ու նույն ստաբիլությամբ մեր օրերում անընդհատ նոր երգեր, տեսահոլովակներ ունենալ: Դրա ցանկությունն էլ չունեմ, բայց փոխարենը ունեմ մեծ ցանկություն անել քիչ, բայց որակով աշխատանքներ այն մարդկանց համար, ովքեր սպասում են այդ ամենին:
- Տարին նոր է մեկնարկել, սա նշանակում է, որ առջեւում ունեք շատ ժամանակ` հետաքրքիր աշխատանքներ ներկայացնելու: Հիմա նոր մտքեր կա՞ն:
- Չեմ կարող ոչինչ խոստանալ: Ես ոչինչ չեմ պլանավորում: Եթե լինում են առաջարկներ կամ որակյալ նախագծեր, սիրով համաձայնվում եմ: Ես աշխատում եմ ըստ ցանկության, ըստ պահի ու առաջարկների: Նոր գործերի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրանք արդեն պատրաստ լինեն:
- Մարտա, յուօրինակ ոճ ու երաժշտական ճաշակ ունեք: Հետաքրքիր է` այս ճանապարհն ու ոճն ընտրելու նախապատմությունը:
- Շնորհակալ եմ: Չեմ կարող ասել, թե ես այսպիսին եմ ծնվել, քանի որ գուցե ծնվեի այլ ընտանիքում ու լինեի ուրիշ ոճով, ուրիշ նախասիրություններով ու տեսակով: Դրա համար երեւի թե ընտանիքիս տված երաժշտական դաստիարակությունից է գալիս իմ այսօրվա անփոփոխ ոճն ու տեսակը: Հետագայում արդեն իմ ուսուցիչները ավելի հիմնովին դաստիրակաեցին իմ արվեստը: Ես չեմ հոգնի կրկնել, որ Արթուր Գրիգորյանի շնորհիվ է, որ չկորցրեցի ու երբեք էլ չեմ կորցնի իմ ոճն ու տեսակը, քանի որ նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել:
-Ձեր երաժշտական ոճի թեման շարունակելով` հետաքրքիր է, թե ծրագրեր չունե՞ք արդյոք արտերկրում գործունեություն ծավալելու, քանի որ, եթե Հայաստանում այդ ոճը դեռեւս լիովին «մարսված» չէ հանդիսատեսի կողմից, ապա արտերկրում այն շատ մեծ տարածում ունի:
- Չեմ կարող խոսել նման հարցերի շուրջ, քանի որ անիրական թեմաներ են այս պահին:
-Մարտա, որքանով հասցրել եմ հետեւել, բրենդներից մեկի մոդելն եք ներկայանում: Մոդելային կարիերա սկսելու մտադրություն ունե՞ք:
- Անցած տարի մի քանի բրենդների մոդել եղել եմ: Եթե լինեն առաջարկներ, որոնք կհամապատասխանեն ինձ ու իմ պայմաններին, սիրով կհամաձայնեմ նկարահանվել: Ես սիրում եմ մոդելային կարիերան, սիրով եմ անում այդ աշխատանքը ու մեծ հաճույք եմ ստանում:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան