Վարչախումբը ժողովրդին պատրաստում է ծանր տնտեսական հետևանքների
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸնթացիկ 2022 թվականը տնտեսական առումով չափազանց ծանր և վնասակար տարի է լինելու Հայաստանի համար։ Մինչ միջազգային վարկանիշային գործակալությունները կտրուկ իջեցնում են տնտեսական աճի իրենց կանխատեսումները, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը պատրաստել հնարավոր գնաճին և տնտեսական անկմանը։ Առ այսօր միջազգային բոլոր գործակալությունները, այդ թվում «Fitch ratings»-ը, արձանագրում են, որ Հայաստանը այս տարվա ընթացքում կունենա 1 տոկոսից փոքր-ինչ ավելի տնտեսական աճ։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե 2022 թվականին գնաճը կլինի 5,5 տոկոսի սահմաններում։ Ըստ նախարարի՝ հնարավոր է մինչև 1,5 տոկոսի շեղում։ Փաստացի, սա նշանակում է, որ Ֆինանսների նախարարը հանրությանը նախապատրաստում է առնվազն 7 տոկոսի գնաճի։ Թեև, ըստ վերլուծաբանների, գնաճը այս տարվա ընթացքում շատ ավելին է լինելու, հատկապես այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ ներդրված միջազգային պատժամիջոցները սկսեն գործել ամբողջ թափով, իսկ Ռուսաստանից Հայաստան սննդամթերքն ու այլ ապրանքները սկսեն ներկրվել ավելի բարձր գներով, կամ էլ՝ ռուսական ռուբլու թուլացման հետևանքով ավելի թանկ նստեն դոլարային փոխակերպմամբ։
Տնտեսական առումով Հայաստանի իշխանությունները նաև փորձում են համոզել, թե Հայաստանը պարենային լուրջ խնդիրներ չի ունենա և բավարար քանակությամբ սննդամթերք է կուտակել ամիսներ շարունակ բնակչությանն ապահովելու համար։ Նշենք, որ սննդամթերքների պաշարների ամբարումը պետական գաղտնիք է, և այդ մասին տվյալներ սովորաբար չեն հաղորդում։ Ուստի Հայաստանի բնակչությունը ստիպված է լինելու մնալ Հայաստանի գործող իշխանությունների հավաստիացումների հույսին։ Թեև այս իշխանությունները վաղուց ապացուցել են, որ իրենք առանձնապես խնդիր չունեն ստելու, ապա և անթաքույց ցինիզմով այդ սուտը արդարացնելու իրենց քայլերում։ Մինչ այդ սուպերմարկետներում և այլ խանութներում արձանագրվում է սննդամթերքի և այլ ապրանքների պարբերական աճ։ Վերջին մեկ շաբաթում զգալի աճել է վառելիքի գինը և առաջիկայում ներկրողները իրենք էլ չեն բացառում, որ նավթի համաշխարհային գների և Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքով Հայաստանում վառելիքի գներն ավելի կբարձրանան և Հայաստանի Հանրապետությունը կրկին կբախվի լուրջ տնտեսական խնդիրների։
Վահագն Պետրոսյան