Ռուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլիով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀնարավորություն կա՞ քննարկելու Ռուսաստանի հետ գազի վճարման հետ կապված ռուբլիով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Ի պատասխան Բագրատյանի հարցին՝ Գրիգորյանը դրական պատասխան տվեց:
«Այո, քննարկվում է, որովհետև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են իրենց առաջարկությունները, բնականաբար, առաջարկություններ են ներկայացնում, որ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը:
Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի կդառնա օրակարգային», - հայտարարեց փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարման վճարներն ընդունել միայն ռուբլով: