Նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ. Ջուս
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգչուհի Ջուսը բազմիցս է իր հարցազրույցներում նշել, որ պատրաստվում է իր «No fashion» տեսահոլովակին, սակայն այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Եվ ահա հունիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրը, տեսահոլովակի ռեժիսոր Տիգրան Արյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց սպասված տեսահոլովակը՝ այդպիսով շնորհավորելով երգչուհու ծննդյան օրը: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա Ջուսի խոսքով ծուղակ էր:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մանրամասն պատմել է այս պատմության անհայտ էջերի մասին, ավելին՝ Ջուսը մտածում է ռեժիսորին դատի տալու մասին.
«Նախ պետք է ասեմ, որ ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիաքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել:
Տիգրանը զբաղվել է ոչ միայն ռեժիսորությամբ, այլեւ պրոդյուսինգով: Մենք ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ ծախսերի մեծ մասն ինքն է կատարում, իսկ PR-ով զբաղվում եմ ես, դե իսկ ոլորտում շատերը գիտեն, որ PR-ը եւս ծախսատար է: Տիգրանը պատրաստի տեսահոլովակը ինձ պետք է տար մայիսին, բայց չհասցրեց, քանի որ անիմացիոն լուծումները դժվար էին կարճ ժամանակում իրականացնել»,- պատմեց Ջուսն ու խոսեց իրեն անհանգստացնող խնդրից.
«Տեսահոլովակի նկարահանման հրապարակում ես իմացա, որ Տիգրանը մտադրություն ունի կրճատել երգն ու 3.30 րոպեանոց կատարումը դարձնել 2.50 րոպե: Իհարկե, այդ ժամանակ ես ընդիմացա ու նշեցի, որ ոչ մի դեպքում նման բան չանի, որ դա խախտում է Գուժի հեղինակային իրավունքներն ու ինքս էլ չեմ ուզում, որ երգի հիթային կրկներգները դուրս գան: Ի վերջո, ժամանակ անց չկրճատված տարբերակով նա կիսատ մոնտաժված տեսահոլովակը հեռախոսով ուղարկեց ինձ, բայց ավելի ուշ ինքնասածի հրապարակեց կրճատված տարբերակով տեսահոլովակը՝ առանց իմ իմացության:
Ի դեպ՝ մինչ հրապարակելը Տիգրանը ինձ մի պայմանագիր ներկայացրեց՝ ասելով, որ մտադրություն ունի ամերիկյան շուկա դուրս գալու այս երգով, ու խնդրեց, որ ստորագրեմ այդ փաստաթուղթը, ըստ որի այս տեսահոլովակի հետ կապված բոլոր լիազորությունները իրենը կլինեին: Դե իսկ ես էլ, բնականաբար, այդ փաստաթուղթը ցույց տվեցի ամուսնուս, ով փաստաբան է: Նա էլ ուսումնասիրելուց հետո ասաց, որ սա լրիվ իմ դեմ է կազմված, որ ստորագրելուց հետո ոչ մի լիազորություն իմ տեսահոլովակի հանդեպ չեմ ունենա: Բնականաբար, չստորագրեցի, փոխարենը ամուսնուս հետ միասին մեկ այլ պայմանագիր կազմեցինք, որն էլ արդեն Տիգրան Արյանը չստորագրեց: Մեր պայմանգրում նշված էր, որ նա որպես պրոդյուսեր շատ իրավուքններ ունի, սակայն կար կետ նաեւ, որ նա իրավունք չունի տեսահոլովակը հրապարակել առանց իմ համաձայնության, քանի որ PR-ով ես եմ զբաղվում»:
«Տեսահոլովակի հրապարակումից առաջ ես իրեն գրեցի, որ հանկարծ նման բան չանի, բայց ի պատասխան հայտնեց, որ արդեն հրապարակել է քիչ չէ, ներկայացրել է երգի կրճատված տարբերակը, որի արդյունքում երգը հիթային չի դառնա: Այս պահին սպասում եմ Գուժին, ով Հայաստանում չէ: Ես ու ամուսինս՝ Վահագնը, մտածում ենք Տիգրան Արյանին դատարան կանչելու մասին:
Տիգրանն աստղային հիվանդությամբ է տառապում, գիտի, թե շատ հայտնի է, բայց պետք է մի բան հաստատ իմանա, որ մինչեւ ես իմ յութուբյան պաշտոնական էջում չտեղադրեմ այդ տեսահոլովակը, նա անգամ դիտում չի ունենա, քանի որ մեզնից հայտնին ես եմ, ոչ թե նա: Էլ չասեմ, որ ողջ տեսահոլովակի ընթացքում մի քանի տողանի տիտրեր են գնում, որտեղ Տիգրանը նշել է, թե ինչքան լուրջ մարդ է այդ տեսահոլովակում, արդյունքում մնում է մի հատ էլ ճակատիս գրեր իր անուն-ազգանունը, որ իր գովազդն ամբողջական լիներ: Մի խոսքով՝ նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ: Մի պայման կա, եթե Տիգրանը համաձայնվի վերականգնել երգի տեւողությունը ու պատրաստի տեսահոլովակը կտա ինձ եւ ես կզբաղվեմ երգի տարածմամբ, այդ դեպքում ես նրան դատի չեմ տա»,- ավարտեց երգչուհին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան