Այսօր մեր ազգաբնակչության 50 տոկոսը չափավոր աղքատ է. տնտեսագետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀամատարած գնաճի ֆոնին՝ ամսվա սկզբից թանկացած գազը հերթական հարվածն է քաղաքացու գրպանին: Կանխատեսելի է՝ գազի թանկացումը դոմինոյի էֆեկտով իր հետ բերելու է գնաճի նոր ալիք:
Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ամբողջացրեց պատկերը՝ հիշեցնելով տարեսկզբից թանկացած ջրի ու էլեկտրաէներգիայի սակագների մասին:
«Հանրային ծառայությունների սակագների այս բարձրացումն անխուսափելիորեն բերելու է կոնկրետ հետևանքների,- նշեց տնտեսագետը՝ մանրամասնելով,- Դա ուղղակիորեն ազդելու է քաղաքացիների եկամուտների վրա, որովհետև բոլորն օգտվում են այդ հանրային ծառայություններից, դրանք կայուն ծախսեր են, որոնք կբերեն եկամուտների նվազման: Իրենց եկամուտներից միջինում մինչև 5-7 տոկոս ավելանալու են ծախսերը, որոնք իրենք ստաբիլ իրականացնում են:
Հաջորդը՝ սա թանկացում է նաև բիզնեսի համար. արտադրողների և ծառայություն մատուցողների համար սա լրացուցիչ ծախս է, և բերելու է արտադրված ապրանքների և մատուցվող ծառայությունների գների բարձրացման, և, ի վերջո, այդ բարձր գների համար վճարում են քաղաքացիները»:
Թադևոս Ավետիսյանը թյուր է համարում պաշտոնական շրջանակներից հնչող այն հիմնավորումը, թե սակագների բարձրացումը չի առնչվում սոցիալապես անապահով խմբերին:
«Նախ՝ թե ինչպես են որոշվում այդ անապահով ընտանիքները, ինքնին մեծ խնդիր է. բազմաթիվ ընտանիքներ գործող չափորոշիչներով չեն հայտնվում այս արտոնության տակ և կրում են այդ թանկացումները: Եվ հետո՝ որքան էլ սակագները չեն բարձրանում այդ ընտանիքների համար, բայց միևնույն է, այդ ընտանիքները նաև հաց են, չէ՞, գնում: Այսինքն՝ միանշանակ է, որ գների բարձրացման երկրորդ ազդեցությունը կրում են բոլորը, իսկ առաջին ազդեցությունը՝ հիմնական մասը:
Մեծ հաշվով, այսօր մեր ազգաբնակչության 50 տոկոսը չափավոր աղքատ է, այսինքն՝ այդտեղ նաև, պայմանական ասած, ոչ անապահովներն են, որոնք, օրինակ, աշխատում են, բայց աշխատող աղքատ են»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ բնակչության համար գազն ապրիլի 1-ից թանկացել է 4,7 դրամով. 139-ից 1 խորանարդի գինը դարձել է 143,7 դրամ։
Մյուս սպառողների համար հազար խորանարդի հաշվով թանկացումը շուրջ 10 դոլար է։ Խոշոր սպառողները նախկին 255,91-ի փոխարեն՝ կվճարեն 265,81 դոլար։ Ջերմոցային տնտեսությունների և վերամշակումով զբաղվող ընկերությունների համար էլ այն դարձել է 233,9 դոլար, որը ևս շուրջ 10 դոլարով բարձր է նախկին գնից։