Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանում երեկոն «Բոհեմ»-ական էր
ՄՇԱԿՈՒՅԹՄշակույթը՝ հասանելի բոլորին կարգախոսով՝ Bohem-ական Հայաստան ծրագրի շրջանակներում, երեկ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել էր «Բոհեմ» քառյակին:
Bohem-ական Հայաստանն սկիզբ է առել Հայաստանի ամենահարավային մասից՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքից, և վերջանալու է Երևանում հաշվետու համերգով. մեկ տարվա ընթացքում տղաները շրջագայելու են հանրապետության բոլոր մարզերով.
«Նոյեմբերյանում «Բոհեմ»-ով առաջին անգամ էինք, տպավորությունները երկու բառով նկարագրել պարզապես հնարավոր չէ, որովհետև մեր վեցամյան գործունեության ընթացքում մոտ երեք հարյուր փոքր ու մեծ համերգներ ենք ունեցել, բայց Նոյեմբերյանը դրանց մեջ ամենատարբերվողներից էր՝ թե՛ հանդիաստեսի ընկալման, թե՛ փոխադարձման, էներգետիկայի, բոլոր առումներով: Շատ-շատ տպավորված ենք վերադարձել Նոյեմբերյանից:
Արդեն յոթ մարզերում եղել ենք, հաջորդը կլինի կա՛մ Կոտայքը, կա՛մ Արցախը: Նոյեմբերյանում կաշխատենք լինել աշնանը՝ սեպտեմբերին՝ արդեն նոր ծրագրի շրջանակներում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց խմբի հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանը:
Խումբը Տավուշյան շրջագայությունների ընթացքում արդեն երկու համերգ է ունեցել մարզում՝ Իջևանում և Բերդում:
Նոյեմբերյանում բնակվող հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը, ով հանդիսատեսի շարքում էր, մեզ հետ զրույցում կարևորեց հատկապես սահմանամերձ մարզերում նմանատիպ մշակութային միջոցառումների առատությունը.
«Խմբի մենակատարների հետ դեռ 2017 թվականից եմ ծանոթ՝ «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնից, որը սկսնակ հեղինակ-կատարողների համար հրաշալի հարթակ է: Հետո անընդհատ կապ եմ պահպանել խմբի հետ, հաճախ մասնակցել եմ նրանց համերգներին՝ երբեմն՝ որպես կատարող, երբեմն՝ որպես հանդիսատես:
Վերջերս էլ իմացա, որ «Բոհեմը» համերգային շրջագայություններ է կազմակերպում մարզերում՝ հիմնական թիրախ ունենալով սահմանամերձ բնակավայրերը: Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս ամիս հերթը Տավուշինն է: Կարծում եմ՝ տղաների նպատակը՝ Երևանում կենտրոնացած որակյալ մշակույթը նաև մարզերում հասանելի դարձնելը, իրականություն դարձավ: Համերգը շատ ստացված էր, բոլորս չափազանց տպավորված էինք, շատ գոհ: Մեր ջերմությունը հաստատ հասավ նաև «Բոհեմին» և իրենք էլ, կարծում եմ, հաճելիորեն մեզնից էին տպավորված: Փակագծերը չեմ ուզում բացել, բայց խմբի հետ ունենալու ենք շարունակական համագործակցություն»:
«ԲՈՀԵՄ» գրական-երաժշտական խումբը ստեղծվել է 2016 թվականի մարտին` հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանի և բանաստեղծ Գոռ Հարությունյանի կողմից: Խմբի ստեղծման հիմանական նպատակը ժամանակակից պոեզիան նորովի ներկայացնելու, հանդիսատեսի համար հնարավորինս հեշտ ընկալելի դարձնելու գաղափարն է եղել, որի ներկայացման ձևաչափը պոեզիայի և հեղինակային երգի ներքին բովանդակային կապի պահպանումն ու գաղափարապես միմյանց շարունակելն է:
Մարիամ Նալբանդյան
Լուսանկարները՝ Դավիթ Սաֆարյանի