Մեր պահանջը Հայաստանի իշխանություններից է, մենք չենք կարող պահանջներ դնել ռուս խաղաղապահների կամ Ադրբեջանի իշխանությունների առջև. Ագնեսա Խամոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕրերս ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ ռուս խաղաղապահներն արգելում են ՀՀ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ:
1or.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ՝ պարզելու համար, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչ հետագա քայլեր են ձեռնարկելու կատարվածի մեղավորներին բացահայտելու ուղղությամբ.
«Մենք արդեն հնչեցրել ենք գնահատականներ, որ մեր պահանջը Հայաստանի իշխանություններից է, մենք չենք կարող պահանջներ դնել ռուս խաղաղապահների կամ Ադրբեջանի իշխանությունների առջև: Մենք նաև պաշտոնական ձևակերպումներով ենք հանդես եկել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել այդ արգելքները վերացնելու համար»:
Մեր հարցին, թե արդյոք պատրաստվու՞մ են դիմել դատարան, քանի որ, փաստացի, ոտնահարվել է պատգամավորների ազատ տեղաշարժվելու իրավունքը, պատգամավորը պատասխանեց.
«Դատարանի մասով ես պրոցեդուրան չեմ կարողանում պատկերացնել: Քանի որ իշխանությունները հղում են անում նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին, իրենք պարտավոր են պահպանել ՀՀ քաղաքացիների անխափան մուտքն ու ելքը Արցախի Հանրապետություն, քանի որ այդ եռակողմ հայտարարության տակ ստորագրող կողմերից մեկը հենց Հայաստանի Հանրապետության իշխանավորներն են»:
Մարիամ Նալբանդյան