Առեղծվածային դեպք Թալինում. 20-ամյա աղջկա հարազատները պնդում են, որ աղջկան առևանգել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Թալին քաղաքի բնակչուհի, 20-ամյա Անի Պապոյանին առևանգելու փաստով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Անիի հարազատները նշում էին, որ իրենց աղջկան 4 հոգի առևանգել են և իրենք այդ մասին տեղեկացել են Թալինի ոստիկանությունից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թալինի ոստիկանությունը պարզել է, որ Ա. Պապոյանին ամուսնության նպատակով առևանգել է Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Նաիրի Մկոյանը՝ իր հորեղբոր տղայի՝ Ռոլանդ Մկոյանի հետ: Անին դասի է եղել և դասից հետո փողոցում նրան են մոտեցել Ն. Մկոյանը՝ իր 3 ընկներների հետ և Nissan մակնիշի ավտոմեքենայով փախցրել Ա. Պապոյանին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կան տեղեկություններ, որ Անին ու Նաիրին ոստիկանության Արաբկիրի բաժին հայտարարություն են տվել, որ իրենք սեփական նախաձեռնությամբ են փախել, որ Անիին չեն փախցրել, այլ նա իր հոժար կամքով է գնացել Նաիրիի հետ, սակայն Անիի հարազատները մեզ հետ զրույցում ասում էին, որ այգ գրությունը կեղծ է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: