Ուկրաինան ցանկանում է «Ազովստալ»-ից տարհանման մասին փաստաթուղթ ստորագրել. Թուրքիան հանդես կգա որպես միջնորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևը ցանկանում է փաստաթուղթ ստորագրել նրա վերաբերյալ, թե ինչպես է տեղի ունենալու Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից տարհանումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բանակցությունների նոր փուլ ենք սկսել հատուկ գործողության («Ազովստալ»-ից տարհանման վերաբերյալ) ճանապարհային քարտեզի շուրջ: Կա Կարմիր Խաչը, այսօր հանդիպում են ռուսների հետ։ Մենք բանակցել ենք նրանց հետ (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի), ինչպես նաև ՄԱԿ-ի հետ և տվել նրանց մանդատ։ Մենք ցանկանում ենք, որ փաստաթուղթը ստորագրվի, թե կոնկրետ ինչպես է տեղի ունենալու «Ազովստալ»-ից տարհանումը, մենք պատրաստվում ենք ստորագրմանը»,- Վերեշչուկի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան հանդես կգա որպես միջնորդ բանակցությունների ընթացիկ փուլում։ Նրա խոսքով, տարհանման գործողությունը կիրականացվի մի քանի փուլով, որոնցից առաջինը ծանր վիրավորների տարհանումն է։
Մայիսի 7-ին Վերեշչուկը հայտարարել է, որ բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են գործարանի տարածքից։
Մարիուպոլը ամենամեծ քաղաքն է Ազովի ծովի ափին, Դոնբասի մետալուրգիայի առանցքային կենտրոններից մեկը և խոշոր ծովային նավահանգիստը: Քաղաքի համար պայքարը սկսվել է փետրվարի 25-ին։ Ներկայում Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականների խումբը արգելափակված է «Ազովստալ» գործարանի տարածքում։