Շոյգուն ընդունել է, որ ռուսական զորքն Ուկրաինայում դանդաղեցնում է ռազմական գործողության ընթացքը և բացատրել է, թե ինչու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարողանան լքել շրջապատված բնակավայրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, գրում է life.ru-ն ։
«Որպեսզի բնակիչները լքեն շրջապատված բնակավայրերը, հայտարարվում են լռության ռեժիմներ և ստեղծվում են մարդասիրական միջանցքներ: Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց դա արվում է միտումնավոր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- ասել է Շոյգուն:
Նա ընդգծել է, որ ռուսական բանակը, ի տարբերություն ուկրաինականի, չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել քաղաքացիական անձինք։ Բարձր ճշգրտության զենքերն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կրակային դիրքերն ու ռազմական օբյեկտները ոչնչացնելու համար։ Հանդիպման ընթացքում նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել հատուկ գործողությունը մինչև առաջադրանքների ամբողջական կատարումը՝ չնայած արևմտյան երկրների ճնշմանը։