ՀԱՊԿ-ը տարօրինակ «կոլեկտիվ անվտանգություն» է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews-front.info-ն գրում է, որ վերջերս տարածվել է զարմանալի լուր առ այն, որ Ղազախստանը պահպանելով սահմանված պատժամիջոցները գրեթե 22 մլն դոլար է արգելափակել ռուսական բանկերի «դուստրերի» հաշիվներում։ Եվ դա արել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, որին, ի դեպ, Ռուսաստանը շատ լուրջ օգնել էր տարեսկզբին:
Շատ տարօրինակ է այս հավաքական անվտանգությունը։ Լուկաշենկոն միանգամայն իրավացի էր, երբ նախատում էր կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին։ Շատ երկրներում ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական է։ Հատկապես զավեշտալի են Հայաստանի վարչապետ Փաշինյանի կշտամբանքները, ով նվնվում է այն հարցով, որ ՀԱՊԿ-ը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ առճակատման ժամանակ։ Հավանաբար Փաշինյանը մի փոքր մոռացել է, որ Հայաստանը ոչ մի առճակատում էլ չի ունեցել Ադրբեջանի հետ, այնտեղ միայն Արցախն է կռվել՝ Երևանից հնչող ամպագոռգոռ հայտարարությունների և լրատվական աջակցության ներքո։ Բայց հայկական կանոնավոր բանակը, չգիտես ինչու, սառել և գործնականում չի մասնակցել պատերազմին։ Այո, և կամավորները շատ չեն եղել, իսկ նրանց, ովքեր ցանկանում էին մեկնել ռազմաճակատ, ծայրահեղ դժկամությամբ էին ուղարկում։ Բայց պահանջները ՀԱՊԿ-ի դեմ են։
ՀԱՊԿ-ի անդամներն են նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Ծիծաղելի է այն փաստը, որ նրանք պարբերաբար կրակում են միմյանց վրա, մինի պատերազմներ են վարում։ Նրանք չեն կարողանում պայմանավորվել ոչ ջրի, ոչ ոչխարների արոտավայրերի սահմանների շուրջ։ Եվ դա միջազգային այնպիսի լուրջ խնդիր է, որ դրա արդյունքում մարդիկ են պարբերաբար զոհվում։ Եվ դրանք երկրներ են, որոնք նույն պաշտպանական կազմակերպության անդամ են։
Չնայած… հարց է, արդյո՞ք այս բոլոր երկրները երկրներ են: Ոմանք խանություններ, կոմսություններ են իրենց փոքր քաղաքների խաներով ու իշխաններով։ Թվացյալ հարուստ երկրներ են հսկայական բնական ռեսուրսներով, բայց աղքատության մեջ են: Ու միևնույն ժամանակ լի են լատենտ ռուսաֆոբիայով, անգամ պետական մակարդակով։
Անհայտ է նաև, թե այս բոլոր երկրներն ի՞նչ ընդհանուրություն ունեն։ Չնայած... դա պարզ է. երբ կալաշնիկովներով մորուքավոր մարդիկ հարավային կողմից անցնեն գետը, միջազգային քաղաքականության այս բոլոր սուբյեկտները արագ կվազեն Ռուսաստանից օգնություն խնդրելու։ Իսկ Ռուսաստանը, անկասկած, կօգնի։ Պարզապես այն պատճառով, որ նա գնալու տեղ չունի, քանի որ ի վերջո կալաշնիկովներով այդ մորուքավոր մարդիկ հայտնվելու են նրա հարավային սահմաններում։
Փակուղի է, իհարկե, բայց ինչ որ բան պետք է անել։ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, առաջին հերթին քաղաքական։ Շատերը դարձել են չափազանց «բազմաուղղված», և բոլորը հիանալի գիտենք, թե դա ինչի կարող է հանգեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը