Մատենադարանը՝ Նոյեմբերյանում. շրջիկ ցուցադրություն և վարպետաց դաս իրականացվեց Քաղաքային գրադարանում
ՄՇԱԿՈՒՅԹ«Դպրոցական Մատենադարան» ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը սահմանամերձ Նոյեմբերյանում էր. շրջիկ ցուցադրություն-վարպետաց դաս իրականացվեց Նոյեմբերյանի Քաղաքային գրադարանում։
Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը 1or.am-ի հետ զրույցում կարևորեց ծրագրի նշանակությունը.
«Այսպիսի համագործակցություն առաջին անգամ էինք ունենում: Այս օրերի ընթացքում Նոյեմբերյան քաղաքի և սահմանապահ գյուղերի` Ոսկեպարի, Բաղանիսի, Բերդավանի, Կողբի, Կոթիի դպրոցների շուրջ 200 աշակերտներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Մատենադարանի պատմությանը, այնտեղ պահվող ձեռագրային ժառանգությանը և թանգարանի ցուցադրություններին։
Լիահույս եմ, որ ծրագիրը և, առհասարակ, տարբեր միջոցառումների շրջանակներում մատենադարանի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրեն»:
Վարպետաց դասի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց ձեռագրերի ընդօրինակման ու վերականգնման արվեստը.
«Աշակերտները Մատենադարանի Վերականգնման բաժնի մասնագետի օգնությամբ սովորեցին, թե ինչպես պետք է վերականգնեն իրենց վնասված գրքերը։ Ինձ համար նույնպես շատ հետաքրքիր էր պրոցեսը՝ որպես երկար տարիների փորձ ունեցող գրադարանավարուհի:
Հատկապես մեր օրերում, երբ երեխաներին շատ դժվար է կտրել հեռախոսներից և հետարքրություն առաջացնել գրքերի նկատմամբ, նմանատիպ ծրագրերը շատ կարևոր առաքելություն ունեն, և ես շատ ուրախ եմ, որ մեր աշակերտները դրան մասնակցելու հնարավորություն ստացան»,- մեզ հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի Քաղաքային գրադարանի աշխատակցուհի Սոնա Բադալյանը:
Հավելենք, որ այցելուները կարող են ծանոթանալ շրջիկ ցուցադրությանը` այցելելով Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գրադարան մինչև մայիսի 31-ը։
Մարիամ Նալբանդյան