Փորձագետ. Արցախը շահագրգռված է ռուս խաղաղապահներով, այլ ոչ թե բարեփոխումներով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆRegnum.ru–ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական համակարգի բարեփոխումը միտված է միայն քաղաքական ուժերի սուր անկյունները հարթելուն։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ակումբի անդամ Արման Ղուկասյանը։
«Պաշտոնապես դա հիմնավորվում է նրանով, որ կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պետք է ավելի ճկուն լուծում տալ, և կառավարման ձևի փոփոխությունն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը։ Սակայն պետք է նշել, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում ներքաղաքական խնդիրները, այսօր մեծապես կախված է սահմանին տիրող իրավիճակից։ Արցախի բնակչության անվտանգությունը և այնտեղ ընդհանուր կայունությունն ապահովում են ռուս խաղաղապահները, հետևաբար, նման փոփոխությունները, իմ կարծիքով, հրատապ չեն, այլ ավելի շատ ուղղված են ներքաղաքական դասավորությունների վրա ազդելուն էլիտաների ներսում, որոնք չեն կիսում ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, և հատկապես վարչապետ Փաշինյանի Բրյուսել կատարած վերջին այցից հետո։ Կառավարման ձևի փոփոխությունը Հարությունյանի նախաձեռնությունն է, որն ուղղված է քաղաքական ուժերի սուր անկյունները հարթելուն։ Կարծում եմ, որ Արցախի բնակչությանն այսօր հետաքրքրում է միայն այն, որ ռուս խաղաղապահները մնան այնտեղ առանց ժամանակային սահմանափակումների և ապահովեն տեղի բնակիչների անվտանգությունը։ Մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, իսկ միջազգային իրադրությունը անընդհատ փոխվում է և գտնվում է տուրբուլենտության գոտում, ուստի կարծում եմ, որ Արցախի նախագահն այժմ ավելի քիչ պետք է մտածի իր քաղաքական ապագայի մասին և պետք է Հայաստանի իշխանությունների հետ միասին զբաղվի այն հարցերով, որոնք վաղը կորոշեն Արցախի վիճակը»,- ասել է Արման Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծ հանրապետությունը կառավարման կիսանախագահական ձևի անցնելու և վարչապետի պաշտոնը մտցնելու վերաբերյալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը