Շատ մարդիկ անվստահություն ունեն քարտերի հանդեպ. անկանխիկ գնումները բազմաթիվ խնդիր կառաջացնեն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում ասաց, որ կանխիկի կրճատման մասին օրենքի գործելուց հետո հնարավոր չի լինի կանխիկով բնակարան կամ ավտոմեքենա գնել, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով։
«Հուլիսի 1-ից շրջանառության մեջ կմտնի կանխիկի կրճատման մասին օրենքը։ Լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում։ Հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, օրինակ՝ բնակարանի առուվաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել կամ հնարավոր է լինելու, պարզապես հետագայում վիճարկելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու։ Սա իր հերթին բերելու է լրացուցիչ էֆեկտների»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պարզվում է՝ նոր օրենքով տնտեսվարողներն ստիպված են լինելու նաև նոր ՀԴՄ սարքեր ձեռք բերել: Կենտրոնական բանկի պահանջով բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ունեցած ՀԴՄ սարքերի վրա պոստ-տերմինալ ակտիվացնել եւ պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն թավշյա հեղափոխությունից հետո:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 1or.am-ի հետ զրույցում փաստում է՝ հարցը միայն ՀԴՄ սարքերը չեն, դրանք առանձին խնդիր են, իսկ անկանխիկ գնումներն իրենց հերթին առանձին խնդիր են առաջացնում.
«Մենք պետք է հասկանանք, որ կան որոշակի փոփոխություններ, որոնք կարող են դառնալ բարեփոխումներ, եթե մենք դրանք կիրառենք, գոնե սկզբում, կամավորության սկզբունքով: Մի կողմից բիզնեսի համար է դժգոհություն լինում, մյուս կողմից՝ քաղաքացու: Շատ մարդիկ անվստահություն ունեն քարտերի հանդեպ, ավելի պահպանողական ենցանկանում են իրենց փողը կանխիկ պահել, հետո գնել՝ ինչ ուզում են, տատիկ-պաիկները քարտով թոշակը ստանում են, հաջորդ րոպեին ամբողջը կանխիկացնում, բազմաթիվ մարդիկ բառիս բուն իմաստով արտերկրից իրենց հարազատների ուղարկած գումարով են ապրում: Հիմա այս մարդկանց ասում են՝ ձեզ ոչ թե խրախուսում ենք, որ մնաս անկանխիկի դաշտում, այլ ասում են՝ պարտադիր է, որ գնաս այդ դաշտ: Ցանկացած պարտադիր բան առաջին հերթին դիմադրություն է առաջացնում՝ ՀԴՄ-ները Ձեզ օրինակ»:
Պիպոյանի խոսքով՝ այս որոշումից ամխոս կօգտվի բանկային համակարգը.
«Կտուժեն ՓՄՁ-ները՝ անհարմարություն, դժվարություններ և այլն, իսկ որոշակի քաղաքացիների համար էլ անհարմարություն կստեղծվի այն առումով, որ մարդկանց ժամանակ է պետք՝ անկանխիկի անցնելու համար, միանգամից լինել չի կարող»:
Մարիամ Նալբանդյան