Շատ կարևոր է, որ մեր հանձնաժողովում յուրքանչյուր մանրուք լինի դետալիզացված
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕրերս Կառավարության նիստի ավարտին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել էր լրագրողների հարցերին: Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասել էր, որ աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ առհասարակ, յուրաքանչյուր բանակցային նման պրոցեսում շատ կարևոր է հասկանալ թշնամու մարտավարությունը.
«Ադրբեջանական կողմը մանրակրկիտ կերպով, ամեն դետալ հաշվի առնելով՝ իր հանձնաժողովում ներգրավել է տարատեսակ ուղղվածություն ունեցող, պատրաստված մասնագետների՝ իրենց պետական շահը պաշտպանելու համար: Իսկ հայկական կողմը, հասարակ օրինակ, այն հատվածներում, որտեղ սամանագծման և սահմանազատման աշխատանքներ պետք է անցկացվեն, այդ վարչական շրջանների ներկայացուցիչներ չի ընդգրկել հանձնաժողովի կազմում: Փաստացի, մեր հանձնաժողովը միայն նախարարների մակարդակով է կազմված:
Մեկ օրինակ բերեմ՝ նախարարները հաստատ այդ տեղանքին այնքան լավ ծանոթ չեն, որքան, ասենք, տվյալ համայնքի ղեկավարը, ինչպես նաև՝ չգիտի, թե որ հատվածն է հայկական կողմի համար գերկարևոր, որ անպայման պետք է մնա մեր տիրապետության տակ: Դա կարող է լինել ասենք, դիտարկվելու առումով, ուղիղ նշանառության տակ չլինելու համար կամ այդ տարածքում կան օգտակար հանածոներ, ինչպես, օրինակ, Սոթքի հատվածում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:
Ադրբեջանագետի խոսքով՝ շատ ժամանակ այդ բանակցությունների ժամանակ լինում են հարցեր, որոնց պատասխանը նախարարը չի կարող տալ.
«Ինքը կարող է համաձայնություն տալ որոշակի հատվածում զիջողականություն ցուցաբերելու հարցում, չիմանալով, որ այդ տարածքում, ասենք, ամենապրիմիտիվը՝ հանք կա: Այդ խնդիրներին, բնականաբար, ավելի լավ տիրապետում են տվյալ վարչական շրջանի ղեկավարը, և այն տարածքներում, որտեղ պետք է անցկացվեն աշխատանքները, գոնե պետք է պատասխանատուներ լինեն: Հնարավոր է՝ ասեն խորհրդատվական հանդիպումներ, քննարկումներ են լինելու, բայց դրանք շատ մակերեսորեն և ոչ լիարժեք մոտեցում են նմանատիպ կարևոր հարցերում:
Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ամենափոքր հարցում անգամ դետալիզացված լինեն մոտեցումները, մասնագետները լինեն վերապատրաստված, ովքեր կկարողանան տեղում ադրբեջանական փաստարկներին հակափաստարկներ ներկայացնել: Ես գրեթե վստահ եմ, որ նախարարների և փոխնախարարների մակարդակով իրենք չեն կարողանա տալ այդ հակափաստարկները, որովհետև մարդիկ այդ տարածքներում չեն ապրել, չեն պատկերացնում: Նման «մանր-մունր» հարցեր շատ կան, որովհետև ինչքան էլ խորհրդակցեն, քննարկեն լինում են նաև ֆորսմաժորային իրավիճակներ»:
Մարիամ Նալբանդյան