Եվրոպայում գազի գինը մայիսի վերջից առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ընթացքում մայիսի վերջից առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը 1000 խ/մ-ի դիմաց՝ Տեխասում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խոշոր գործարանում բռնկված հրդեհի եւ պայթյունի ֆոնին, հայտնում է Լոնդոնի ICE բորսան։
Հուլիսյան ֆյուչերսների գինը Նիդեռլանդների TTF հանգույցում բարձրացել է մինչեւ 1013,4 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 91,425 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար (հիմնվելով եվրո/դոլար ընթացիկ փոխարժեքի վրա՝ ICE գները ներկայացված են եվրոյով մեկ ՄՎտ/ժ-ի համար): Ընդհանուր առմամբ, առեւտրի սկզբից գազի ինքնարժեքն աճել է ավելի քան 15 տոկոսով։
Չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ Տեխասում Freeport LNG ՀԲԳ-տերմինալը դադարեցրել է աշխատանքը հրդեհից եւ պայթյունից հետո եւ փակ կմնա առնվազն երեք շաբաթ, հաղորդում է Bloomberg-ը։ Այն ԱՄՆ արտահանման յոթ ՀԲԳ-տերմինալներից մեկն է, որոնք հեղուկացնում են խողովակաշարի գազը նախքան լցանավերի վրա բեռնելը:
Freeport LNG-ի հեղուկացման ներկայիս հզորությունը գնահատվում է տարեկան 15 միլիոն տոննա ՀԲԳ, ինչը կազմում է ԱՄՆ-ի ՀԲԳ-ի արտահանման մոտ 16 տոկոսը:
Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալների՝ 2022 թվականի հունվար-ապրիլին ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան ավելացրել են ՀԲԳ-ի ներմուծումն ԱՄՆ-ից ավելի քան երեք անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն այժմ իր ՀԲԳ-ի մոտ 74 տոկոսը արտահանում է Եվրոպա, իսկ Ասիա մատակարարումները նվազել են 51 տոկոսով։