Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Opel-ը հայտնվել է Դեբեդ գետում. Ֆոտո
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետը ավտոմեքենա է ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով գետից դուրս բերեցին Opel Astra մակնիշի 35 CA 917 համարանիշի ավտոմեքենան, որից միջից էլ դուրս բերեցին երիտասարդ տղայի դի։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Դասակի հրամանատարը քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերել վիրավորին՝ Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Հայկ Ղազումանին, ում նախ տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի աշխատակիցները, որից հետո նրան տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ չի եղել, իսկ ավտոմեքենայի անվադողերը ամբողջովին եղել են մաշված, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ, մինչդեռ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Ճանապարհային ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը տևական ժամանակ է, հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարեն ձմեռային անվադողերով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի