Հնարավո՞ր է, որ Վանեցյանն առաջադրվի որպես ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։
1or.am-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից փորձեց ճշտել՝ հնարավո՞ր է, որ Վանեցյանը մանդատը վայր դնելուց հետո առաջադրվի որպես ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն.
«Եթե բանը հասնի դրան, կտեսնենք, առայժմ այդպիսի հարց չի քննարկվել։ Մենք ասել ենք, որ արտախորհրդարանական ուժ ենք դառնում, հայտարարության մեջ բոլոր մանրամասները նշված են»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը։
Մարիամ Նալբանդյան