Փաշինյանը ասուլիս է տալու, իսկ անկախ ԶԼՄ-ները բոյկոտում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է տալու, ընդ որում արդեն ավանդույթ դարձած անշառ ձևաչափով, երբ նա պատասխանում է միայն մեկ լրագրողի հնչեցրած հարցերին՝ նախապես հավաքելով լրատվամիջոցների տված հարցերը, իսկ վարչապետի աշխատակազմը դրանք աղավաղում և ներկայացնում է բացառապես նրա քիմքին հաճելի ձևակերպումներով։
Երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների խմբագիրներ և ղեկավարներ հայտարարություն են ստորագրել՝ նշելով, թե հրապարակավ հրաժարվում են ձևական հարց ուղարկելուց։ Հիշեցնենք, որ 2018 թվականին իշխանափոխության արդյունքում զավթելով վարչապետի աթոռը՝ Նիկոլ Փաշինյանը մինչև 2020 թվականի պատերազմը, 5-6 մեծ ասուլիս է տվել, որին ներկա են եղել բազմաթիվ լրատվամիջոցներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից, իսկ այդ ասուլիսները տևել են առնվազն 5-6 ժամ։
Պատերազմից հետո Փաշինյանը այդ ֆորմատով որևէ ասուլիս չի տվել, ընդամենը մինչ օրս տվել է ասուլիս առանց լրագրողների մասնակցության։ Սա չափազանց լավ հնարավորություն է ստեղծում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի համար՝ զերծ մնալու իսկապես լուրջ լրատվամիջոցների լուրջ հարցերից և պատասխանելու բավական խնդրահարույց և աղմկահարույց դեպքերի վերաբերյալ հարցերին։
Խմբագիրներն իրենց հայտարարության մեջ նշում են, թե փորձը ցույց է տալիս, որ նման առցանց շփումները տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամետ լրատվամիջոցների, տելեգրամ ալիքների բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցնում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում են։ Ի դեպ նույնիսկ իշխանությանը մերձ կանգնած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» արձանագրել էր, որ Փաշինյանի աշխատակազմը բազմիցս աղավաղել է լրատվամիջոցների ներկայացրած հարցերը և ձևակերպումները ներկայացրել իշխանահաճո տարբերակներով։
Ըստ էության, լրատվամիջոցների այս որոշումը՝ չմասնակցել ասուլիսին և որևէ հարց չուղարկել, բացառապես ազդակ է միջազգային հանրությանը՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը իշխանությանը սպասարկող լրատվական կայքերի, իր բլոգերների կամ կողմնակիցների միջոցով հարցերի շարան կկազմեն և կպատասխանեն բոլոր այդ հարցերին իրենց ձեռնտու տարբերակով։
Չի բացառվում, որ նախապես հայտարարված մեկ հարցի փոխարեն ամեն լրատվամիջոցից կամ բլոգերից 2-3-ական կամ ավելի հարցեր պահանջեն ներկայացնել, կամ էլ վարչապետի աշխատակազմն ինքն իր մոտ հարցեր կհորինի և կներկայացնի նրանց անունից։
Մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ «սիրո և համերաշխության» հեղափոխությամբ իշխանության եկած փաշինյանական վարչակազմը մամուլի հետ շարունակում է շփվել ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար եղանակով՝ այդ կերպ գերազանցելով իր բոլոր նախորդներին։
Տիգրան Հայրապետյան