Ներկլանային պայքար իշխանության մեջ. Ջհանգիրյանին կզոհեն այդ նպատակին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԲարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ամենայն հավանականությամբ առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Հրաժեշտ կտա, սակայն ոչ թե Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության, այլ ավելի շուտ իշխանության ներսում տեղի ունեցող ներկլանային պայքարի արդյունքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։ Նախապես համաձայնեցված և Փաշինյանի աշխատակազմի կողմից զտված հարցաշարում մեկ հարց էր հայտնվել հենց կապված ձայնագրության հետ։ Ինքը՝ Փաշինյանը, հայտարարել է, թե ձայնագրությունը մտահոգիչ է և այն պետք է պատշաճ քննության արժանանա։
Ջհանգիրյանը, նշենք, երեկ չէր ներկայացել Ազգային ժողով՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին։ Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, որը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, հայտարարեց, թե Ջհանգիրյանը առողջական խնդիրներ ունի և վիրահատվում է։ Ջհանգիրյանի շուրջ այս աղմուկն ու զարգացումները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատվել նրա ներկայությունից։
Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո թե՛ հայաստանյան իրավապաշտպանները, թե՛ միջազգային կառույցները Փաշինյանին պարտադրում են ազատել Գագիկ Ջհանգիրյանին, նրա փոխարեն մեկ այլ՝ ոչ պակաս վերահսկելի և կեղտոտ հետագիծ ունեցող անձնավորության նշանակելու համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նման հեռանկարը նաև ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։
Բանն այն է, որ իշխանության ներսում շարունակվում է սրվել երկու կլանների՝ Փաշինյանի և իշխանության թիվ մեկ օլիգարխ՝ Խաչատուր Սուքիասյանի կլանների պայքարը։ Սուքիասյանը, որը սեփական նախարարներ և, անգամ, սեփական նախագահ ունի, այժմ էլ առաջ է մղում իր օրակարգը:
Ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելով՝ նա նաև իր կողմն է գրավում բազմաթիվ պատգամավորների իշխանական թիմից, ինչ-որ պահի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի տակից տանելու համար։ Բավարար իշխանատենչություն ունեցող Փաշինյանը հասկանում է նման վտանգավոր հեռանկարը, իսկ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Սուքիասյանի խնամուն թողնելու հանգամանքը կարող է վտանգավոր լինել։
Փաստացի, Ռուբեն Վարդազարյանը իր ձայնագրությամբ ոչ թե վնասեց, այլ, ավելի շուտ, լավ նվեր արեց Նիկոլ Փաշինյանին։ Նա այժմ մտադիր է սեփական կողմնակիցների օգնությամբ հեռացնել Ջհանգիրյանին, իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի համար նշանակել մեկ ուրիշ անձի։ Խոսվում է մասնավորապես, սեպտեմբերին իր պաշտոնը լքող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին։ Ժառանգություն մնալով նախկիններից՝ նա իշխանափոխությունից հետո վերածվել է Նիկոլ Փաշինյանի կցորդի և անմռունչ կատարում է նրա բոլոր կեղտոտ հանձնարարականնները։
Տարոն Առաքելյան