Սահմանամերձ համայնքում մեծաթիվ հյուրերի են սպասում. մրգօղու փառատոնը կկայանա Կողբում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Septemberfest» մրգօղու փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019 թ.-ին՝ Տավուշի մարզի Կողբ համայնքում: «Այն բավականին ընդգրկուն էր՝ ունեցել ենք երեք հազար մասնակից: Հետո հասկանալի պատճառներով փառատոնը չկայացավ: Այս տարի որոշեցինք Կողբ վերադառնալ, փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «P-Art» ընկերության ծրագրերի ղեկավար Աննա Դանիել յանը:
Ընդգծում է՝ այն տեղական բարիքի փառատոն է:
«Առանցքային դերը տրվելու է տանը պատրաստված, ինչպես նաև արտադրական մրգօղուն: Փառատոնի ժամանակ ամեն տաղավարում օղու հետ մեկտեղ ներկայացվում են այն ուտեստները, որոնք, այսպես ասած, դրվում են սեղանին: Ստացվում է, որ փառատոնի ընթացքում ներկայացվում են մրգօղին, տարբեր տեսակի բարիքներ՝ ուտեստների տեսքով, կա նաև մշակութային բաղադրիչ, օրինակ՝ գորգագործության դազգահներ են դրվում, կենացների մրցույթ է անցկացվում, նարդու առաջնություն: Ի դեպ, առաջին փառատոնի ժամանակ նարդու առաջնությունում տատիկ էր հաղթել, և դա մեզ համար ցնծություն էր: Բավականին հետաքրքիր միջոցառում ենք ունենալու, որից անմասն չի մնալու Կողբի մշակույթի տունը: Առաջին փառատոնին բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ եկան, վստահաբար այս տարի ևս հյուրերի թիվը քիչ չի լինի»,-նշում է մեր զրուցակիցը:
Փառատոնն ընդգրկում է ամբողջ Հայաստանը, ուղղակի գաղափարական նպատակներով այն կազմակերպվում է սահմանամերձ համայնքում: «Կողբի համայնքապետարանը, մշակույթի տունն աջակցում են մեզ: Մեր համագործակցությունը բավականին լավ է ստացվել առաջին անգամ, և որոշել ենք ավանդույթ դարձնել ու հենց Կողբում կազմակերպել փառատոնը: Կողբ կարող են գալ տարբեր մարզերից ինչպես տնային տնտեսությունները, այսինքն՝ նրանք, ովքեր տանն են օղի պատրաստում, այնպես էլ մարդիկ, որոնք ունեն մեծ արտադրություններ: Արդեն ունենք գրանցված մեծ թվով ընկերություններ ու անհատներ, որոնք ներկայանալու են տաղավարներով: Տեղադրվելու են նաև օղու թորման սարքեր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես է ամբողջ գործընթացը տեղի ունենում»,-հավելում է նա՝ նշելով, որ տարբեր մարզերում տարբեր մրգերից են օղի պատրաստում, և դրանց հետ մատուցվող ուտեստները ևս տարբեր են:
Ցանկացած փառատոն միտում ունի հետաքրքրություն առաջացնել այն համայնքի և մարզի նկատմամբ, որտեղ այն անցկացվում է, հատկապես զբոսաշրջիկների շրջանում: Այս դեպքում ուղղությունը Տավուշն է՝ սահմանապահ Կողբ համայնքը: «Այդ օրն իսկական տոն է դառնում Կողբի համար, գյուղի բնակիչները գալիս են, հյուրերին հետաքրքիր պատմություններ պատմում գյուղի մասին, ամեն մրգօղու ու ուտեստի մասին մի ավանդույթ ներկայացնում: Սա հատկապես շատ է հետաքրքրում զբոսաշրջիկներին: Արդեն մշակում ենք որոշակի ուղեցույցներ, որ մարդիկ գնալով Կողբ, ճանապարհին մշակութային կոթողներին, գյուղերին ծանոթանան, հյուրատների ցանկ ենք կազմում, որտեղ կարող են գիշերել, եթե չցանկանան նույն օրը վերադառնալ: Գործընկերների հետ բանացկություններ ենք վարում նաև տրանսպորտի մասով, որպեսզի դժվարություններ չլինեն: Զբոսաշրջիկների համար այս դեպքում հարմար պայմաններ ենք ուզում ստեղծել: Ուզում ենք նաև ասել, որ Հայաստանում սահման հասնելը բավականին հեշտ է, վախենալ պետք չէ՝ հաշվի առնելով մեր իրականությունը: Ի վերջո, Հայաստանը տեղով մի սահման է: Առավել քան պետք է ուշադրություն դարձնենք մեր սահմանապահ գյուղերին, ակտիվացնենք այնտեղ կյանքը»,-ասում է զրուցակիցս:
Տեղեկացնում է, որ փառատոնի ֆեյսբուքյան էջում հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, թե ինչպես կարելի է մասնակից դառնալ այս փառատոնին, բացի դա, հրապարակված լուսանկարների միջոցով պատկերացում կազմել, թե ինչպես է անցել 2019 թ.-ին անցկացված առաջին փառատոնը:
Հ. Գ. Միջոցառման կազմակերպիչը «Newsmaker» ընկերությունն է, ինֆորմացիոն գործընկերը՝ «P-Art» ընկերությունը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում