Դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է ՔԿՀ նոր մոդելը
ԻՐԱՎՈՒՆՔՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ: Վարչապետն անձամբ է հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հաջորդիվ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է, մասնավորապես, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել առաջարկվող մոդելի վերաբերյալ և նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով: Անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին: