Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. կա երեք սցենար. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ազգային ժողովի խորհրդի անդամներին մեկ օրով՝ 2022 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ 2022 թվականի հուլիսի 25-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասը»:
Հավելենք, սակայն, որ ընդդիմադիրները՝ Թագուհի Թովմասյանը, Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի, թեեւ, նախորդ մեր համարներում գրել էինք, իշխող ՔՊ-ն էլ չի գնա մանդատներից ընդդիմությանը զրկելու ճանապարհով. եվրոպական կողմից վատ արձագանք է եղել այդ մտադրության առիթով:
Սցենարները երեքն են՝ կա՛մ ՔՊ-ն առհասարակ ՍԴ չի դիմի, կա՛մ դատարանն այդ դիմումները չի բավարարի, կա՛մ էլ կբավարարի մասնակի մի քանի պատգամավորների աչքը վախեցնելու համար ընդամենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում