Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի կալանքից
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը» ազատ կարձակվի կալանքից։
Այս մասին գրառում է արել նրա պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը․«Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի (դատավոր Դ.Արղամանյան)»։
Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել էր 2021–ի նոյեմբերին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (երկու դրվագ) հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։