Եթե Հայաստանը ճիշտ ընկալի նոր զարգացումները, տարածաշրջանը շուտով կայունության կհասնի․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ կարգավորման գործընթացին, տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահի խոսքով «Ադրբեջանի՝ օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը» ցույց է տվել, որ առանց գետնի վրա ուժեղ լինելու սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի:
«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին:
Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան Բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը: