Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական դաշտի ամբողջ սպեկտրը՝ սկսյալ անկախ լրատվամիջոցներից մինչև ընդդիմադիր կամ պետական և իշխանական վերահսկողությամբ լրատվամիջոցներ, որոնք կհավատարմագրվեն։
Մեր ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի ասուլիսը նախորդ ասուլիսների պես ամբողջությամբ կհեռարձակվի ուղիղ եթերով։ Ի դեպ, նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են, որ անցկացվում են ոչ թե Ֆեյսբուքի միջոցով կամ միայն «սվոյ» լրատվամիջոցների մասնակցությամբ, այլ, այսպես կոչված, «բոլորի համար» բաց ֆորմատով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում