Խաղաղությունը չի կարող պարտադրվել. ԵՄ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի իրականացրած սադրանքի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի իրականացրած սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:
«Այսօր կրկին հաղորդագրություններ եղան հայ 3 զինծառայողի սպանվելու և մեկ ադրբեջանցու վիրավորվելու մասին: Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունը և անկայունությունը: Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածությունների վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել», - գրել է Կլաարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: