Tert.am-ը գրում է. «Գնված երջանկություն». այսպես է կոչվում «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալը, որը եթերում կլինի փետրվարի 6-ից: 20 մասանոց հեռուստանովելում խաղում են Մերի Մակարյանը, Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը և այլք:
Նախագծի գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանն ասաց, որ հեռուստադիտողը սերիալից չի հոգնի, քանի որ այն երկար ու ձիգ չէ, բաղկացած է ընդամենը 20 մասից:
Ֆիլմի հիմքում մի աղջկա պատմություն է, ում մարմնավորում է դերասանուհի Մերի Մակարյանը: Հերոսուհին հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի: Նա խաբվում է սիրելիի կողմից, բռնաբարվում, սակայն չի կոտրվում: Մերիի կերպարին հաջողվում է շրջել իրադարձությունների հունը:
«Ֆիլմը ստեղծում է մեր օրերի հերոսի կերպար, որն իր հաջողության գրավականը համարում է ոչ թե շահավետ ամուսնությունը կամ լավ ծանոթներ, շրջապատ ունեցող մարդկանց հետ շփվելը, այլ ինքնակրթությունը: Առաջին պլան է մղվում մարդու ինտելեկտուալ ազատությունը, ինչը նորույթ է մեր սերիալարտադրության մեջ,- ասաց պրոդյուսերն ու հավելեց,- Ֆիլմն ունի կոնկրետ ասելիք՝ 21–րդ դարում, երբ մարդուն անընդհատ ներարկում են, որ ամեն հարց կյանքում փողով է լուծվում, ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել, հերոսներն իրենց ճակատագրով գալիս են ապացուցելու, որ դա այդպես չէ, որ մեր օրերում ամենակարևոր ու թանկ բանը ոչ թե փողն է, այլ անկեղծ զգացմունքները, տվյալ դեպքում` սերը: Հարուստ լինես, թե աղքատ, եթե չունես իրական սեր, չես կարող երջանիկ լինել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում