Մարտակերտում վիրավորված զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Արամ Ասատուրյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին երեկ վիրահատել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Գլխի վիրահատություն է իրականացվել, բավականին լուրջ վնասվածք է ստացել, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,- մանրամասնեց նա։
Նշենք, որ զինծառայողը երեկ Մարտակերտի հիվանդանոցից տեղափոխվել էր Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալ։
Հիշեցնենք, որ Կորյուն Կիրակոսյանը ծանր վիրավորում է ստացել փետրվարի 8-ին հակառակորդի կողմից Մարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։
Նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: