«Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել». Ալիևը հայտնել է, թե ինչ են քննարկել քառակողմ հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ինչպես գիտեք, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն անցկացրել են իրենց առաջին հանդիպումը, և, մեր կարծիքով, դա պետք է շարունակվի»։ Այս մասին Պրահայում ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Առաջիկայում նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օրվա ընթացքում պատրաստեն խաղաղության համաձայնագրի տեքստը։ Սա է մեր մտադրությունը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա հայտնել է, որ քառակողմ հանդիպմանը քննարկումներ են ունեցել խաղաղության բանակցությունների շուրջ. «Հուսով եմ, որ աստիճանաբար կմոտենանք խաղաղությանը։ Ես գնահատում եմ Շառլ Միշելի աշխատանքը այս ոլորտում: Որովհետև, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»։
Նշելով, որ այս քառակողմ հանդիպումը կազմակերպել են Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնը, պետության ղեկավարն ասել է. «Կոնտակտները դեռ շարունակվում են։ Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել։ Ամեն դեպքում, խաղաղության գործընթացն արդեն մեծ թափ է հավաքել»։