Հայաստանը կավելացնի խաղողի գինու արտահանումը Ռուսաստան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆAboutwine.online–ն գրում է, որ Հայաստանը մտադիր է մեծացնել խաղողի գինու արտահանումը Ռուսաստան: Պաշտոնական աղբյուրների համաձայն այսօր Հայաստանից Ռուսաստան արտահանման առյուծի բաժինը մրգային գինիներն են։ Մինչ օրս Ռուսաստան խաղողի գինիների արտահանման ծավալը կազմել է մոտ 1,7 մլն լիտր, մրգերինը՝ 4,2 մլն լիտր, գրել է Profile ամսագիրը հղում անելով ՌԻԱ Նովոստիի զեկույցին։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը առաքումների ծավալների այդ տարբերությունը բացատրում է նրանով, որ ռուսներն ավելի շատ Հայաստանը կապում են մրգային գինիների, քան խաղողի գինու արտադրության հետ։ «Այժմ մենք հայկական գինեգործությունը ավելի շատ դիրքավորում ենք հենց որպես խաղողի գինու արդյունաբերություն»,- ասաց պարոն Խոջայանը։
Փոխնախարարի խոսքով, խաղողի գինու մատակարարումն ավելացնելու նպատակով ինտենսիվ աշխատանքներ են տարվում բաշխիչ ընկերությունների և Գինեգործության և խաղողագործության հայկական հիմնադրամի հետ։
Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից Ռուսաստան խաղողի գինու արտահանումն այս տարի 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։ Հայկական կողմն ակնկալում է, որ աճը կշարունակվի, և այդ թվերը մի քանի անգամ կավելանան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը