2023-ին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար կհատկացվի 50,5 մլրդ դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեր բոլոր տնտեսական, ճյուղային եւ քաղաքական գաղափարներն արտացոլված են Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծում։ Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով՝ 2023 թվականին ցանկության ու համառության դեպքում հնարավոր է լուծել երկրի առջեւ դրված բոլոր խնդիրները։
«2023 թվականին նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 334,6 մլրդ դրամ։ Դրա շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝ 137 միջոցառումներով։ 203,8 մլրդ դրամ կհատկացվի կապիտալ ծախսերի համար»,- ասաց Տերտերյանը։
Նա նաեւ ներկայացրեց հաջորդ տարվա համար նախատեսված հատկացումները (էներգետիկայի եւ տրանսպորտի համար)։ Այսպիսով, տրանսպորտի ոլորտին կհատկացվի 119,6 մլրդ դրամ։ Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր՝ 32 միջոցառումներով։ Էներգետիկայի ոլորտի վրա կծախսվի 27,6 մլրդ դրամ։ Այս դեպքում նախատեսվում է իրականացնել 4 ծրագիր՝ 14 միջոցառումներով։
«Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կշարունակվի 50,5 մլրդ դրամի շրջանակներում։ Նախարարությունն իրականացնում է նաեւ ճանապարհաշինական, վերանորոգման եւ այլ նախագծեր»,- նշեց կառավարության ներկայացուցիչը։