Տավուշի նախկին մարզպետին մեղադրանք է ներկայացվել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ Տավուշի նախկին մարզպետի կողմից հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները թաքցնելու դեպք:
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` պարզվել է, որ Հ. Ա.-ն, 2014 թվականի մայիսի 15-ից զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ունենալով պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու դեպքում գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի հունիսի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել` թաքցրել է հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 2003 թվականի օգոստոսի 1-ին, ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելը):
Հ. Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: