Հանրահավաքը՝ պայքարի նոր հանգրվան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում երեկոյան կայանալու է «Դիմադրության շարժման» հերթական հանրահավաքը, որը կարող է հիրավի պատմական հանրահավաք դառնալ՝ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական ծանրագույն իրավիճակը, ինչպես նաև օրեր առաջ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը։
Թերևս առաջին անգամ հանրահավաքին մասնակցելու է նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը՝ Տավուշի թեմի առաջնորդ բագրատ եպիսկոպաոս Գալուստանյանը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ։ Երեկ, մեկ այլ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Գերգույն հոգևոր խորհուրդը մի քանի օր տևած նիստից հետո հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է և Գերագույն հոգևոր խորհուրդը զորակցում է Արցախի ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Ազգային ժողովի հայտարարությում։
Հոգևորականները Հայաստանի գործող իշխանություններին կոչ են արել բոլոր ջանքերը գործադրել բաժանարար գծերը վերացնելու քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու՝ ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ։
«Համազգային համախմբմամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային և տարածքային հնարավոր նոր կորուստները և միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ էության, Գերագույն հոգևոր խորհուրդն իր հայտարարությամբ փաստել է, որ հենց գործող՝ փաշինյանական վարչախումբն է բաժանարար գծեր քաշում քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումներ դրսևորում,ատելության և թշնամանքի մթնոլորտ հարուցում հանրապետությունում։
Ամենայն հավանականությամբ այսօրվա հանրահավաքը բավականին բազմամարդ կլինի՝ գերազանցելով «Դիմադրության շարժման» բոլոր նախկին հանրահավաքները։ Քանի որ Հայաստանում քաղաքական պրոցեսները հիմնականում ընթանում են փողոցում, այս հանրահավաքը կարող է դառնալ նաև փաշինյանական վարչախմբին հեռացնելու կարևորագույն հանգրվաններից մեկը, հատկապես՝ հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն վերջնականապես վարկաբեկել է իրեն՝ նույնիսկ սեփական կողմնակիցների աչքերում։
Աննա Նադոյան