Կարևոր է հասկանալ բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայմանը. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայմանը:
Դրա լավագույն ձևը, ըստ նրա, գույքագրելն ու ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել Հայաստանին:
«Ես կարծում եմ՝ երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին. այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ու այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հանրությանը, միջազգային հանրությանը պետք է ճիշտ ներկայացվի, թե որոնք են պայմանավորվածությունները ու ով իրականում չի կատարում պայմանավորվածությունները:
«Բայց սրա նպատակն ամենևին լեզվակռիվ ու նոր էսկալացիա ստեղծելը չէ», - նշեց նա: