Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան, սակայն կոչ է արել քաղաքացիներին ավելի քիչ էներգիա օգտագործել, իսկ պետական EDF ընկերությանը՝ վերագործարկել միջուկային ռեակտորները՝ սառը եղանակի դեպքում հոսանքազրկումները կանխելու համար, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տեսագրվել է այս շաբաթ ԱՄՆ կատարած նրա պետական այցի ժամանակ, Մակրոնը հերքել է, որ հոսանքազրկման վտանգը կապված է EDF-ի միջուկային ռեակտորների վերագործարկման ծրագրի ոչ պատշաճ կառավարման հետ։
«Նախ, եկեք պայմանավորվենք՝ ոչ մի խուճապ: Միանգամայն օրինական է, որ կառավարությունը պատրաստվում է ծայրահեղ դեպքերի, որոնք նշանակում են օրական մի քանի ժամով անջատումներ, եթե մենք բավարար էներգիա չունենանք»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիական RTE ցանցային օպերատորի ղեկավարը հինգշաբթի հայտարարել էր, որ այս ձմռանը Ֆրանսիան կարող է բախվել «մի քանի օր» էլեկտրաէներգիայի անջատումների, եւ կառավարությունը սկսել է տեղական իշխանություններին հրահանգել, թե ինչպես վարվել ցանկացած անջատման դեպքում։
EDF-ը բախվել է իր միջուկային ռեակտորների աննախադեպ անջատումների, ինչը հանգեցրել է ատոմային էներգիայի արտադրության նվազման՝ մինչեւ 30 տարվա նվազագույնը, այն դեպքում, երբ Եվրոպան փորձում է փոխարինել ռուսական գազի մատակարարումները: