Շատ երկրներ շահագրգռված են ԵԱՏՄ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ և նոր միջանցքների ստեղծմամբ․ Պուտին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՇատ երկրներ շահագրգռված են Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ և նոր միջանցքների ստեղծմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Տրանսպորտային ենթակառուցվածքները, լոգիստիկ շղթաները զարգացնելու շատ լավ հեռանկարներ ունենք։ Աշխարհի շատ երկրներ հետաքրքրված են նոր ժամանակակից միջանցքների ստեղծմամբ՝ Հյուսիս-Հարավ, Արևմուտք-Արևելք։ Բոլորը, անգամ ոչ ԵԱՏՄ անդամ երկրները, ցանկանում են և պատրաստ են, եթե մենք իրականացնենք նախապես հայտարարված որոշ նախագծեր, մեզ հետ միասին ֆինանսավորել դրանք, որովհետև դա շատ շահավետ է»,- ասել է ՌԴ նախագահը՝ Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ-ում շատ կարևոր ու հետաքրքիր ուղղություններ կան, որոնցով հնարավոր է համագործակցություն ծավալել և որոնք հետաքրքրություն են ներկայացնում Միության անդամ բոլոր երկրների համար։
«Իսկ եթե դրանք հետաքրքրություն են ներկայացնում, վստահ եմ, որ ԵԱՏՄ-ն էլ կշարունակի ամրապնդվել, և այդ նախագծերը կիրականանան»,- հավելել է Պուտինը։