ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնվել Կովկասի և Բալկանների հաշվին․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Evrensel թերթի սյունակագիր Յուջել Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել իր սահմանները բալկանյան պետությունների և Անդրկովկասի հաշվին։ Այս մասին ասվում է նրա հոդվածում։
Ըստ հոդվածագրի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի Հյուսիսատլանտյան դաշինք մտնելով ՆԱՏՕ-ն կավարտի Ռուսաստանին արևելյան և հյուսիսային ճակատներից շրջապատելու գործընթացը։ Օզդեմիրը նշել է, որ այս երկու երկրներն արդեն «դե ֆակտո դարձել են դաշինքի մաս», սակայն Թուրքիան շարունակում է առարկել դրա դեմ։
«Հետագա գործընթացը հիմնականում ընթանալու է արագացված տեմպերով՝ Ռուսաստանի հետ սերտ կապի մեջ գտնվող Եվրոպայի և Կովկասի երկրները վերահսկողության տակ առնելու ուղղությամբ»,- գրել է նա։
Օզդեմիրի կարծիքով՝ այս մասին են խոսում ՆԱՏՕ-ի և Եվրամիության վերջին երկու գագաթնաժողովները։ Առաջինն անցկացվել է Բուխարեստում նախորդ շաբաթ, և բացի Ուկրաինայի ներկայացուցիչներից, ներկա են եղել նաև պաշտոնյաներ Մոլդովայից, Վրաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից։