Արցախի նախագահի մտահոգիչ ակնարկները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ բավական ուշագրավ մի տեքստ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կետ առ կետ նշելով ստեղծված իրավիճակը և Արցախի անելիքները, ընդ որում այդ կետերից մեկը բավական մտահոգիչ է և կասկածահարույց։
«Արցախի ժողովուրդն ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքներն արժանապատվորեն կրելու որոշում, այդ կերպ չեզոքացնելով մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը, կաշկանդող պայմանները»,- նշել է Արցախի նախագահը։
Թե ինչ զիջումներ են պարտադրվում Հայաստանի Հանրապետությանը, կաշկանդող պայմաններ՝ որոշման կայացման համար, Արցախի նախագահը չի մանրամասնել, թերևս չի էլ մանրամասնելու, սակայն գրառման մեջ հայտնված այս պարբերությունը բավականին լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում և ստիպում հայ հանրությանը մտահոգություններ ունենալ։ Լաչինի միջանցքի փակումից հետո, բազմաթիվ քաղաքագետներ նշում են, թե ոչ միայն Ադրբեջանն է փորձելու իր պահանջները ներկայացնելու Հայաստանին, այլև՝ ընդհուպ Ռուսաստանը և Արևմուտքը։
Իհարկե, յուրաքանչյուր կողմ ունի սեփական շահերն ու շահագրգռությունները, փորձելու է դրանք լուծել Հայաստանի և Արցախի ժողովրդի հաշվին, և բնականաբար բանակցություններն իրականացվելու են դռնփակ ռեժիմով, հանրության համար ոչ տեսանելի։ Ուստի և նման բարձրաձայնումը Արցախի նախագահի կողմից հիմքեր է տալիս՝ կասկածներ ունենալ գրեթե բոլոր ուղղություններով։
Որևէ մեկը չի կասկածում Արցախի ժողովրդի տոկունության և խիզախության վրա, սակայն հարկ է վերլուծել, թե այդ ի՞նչ զիջումներ պարտադրելու փորձեր են, որ իրականացվում են Հայաստանի դեմ, ովքեր են դրանք իրականացնում և ինչ նպատակներով։ Ահա սա է հիմնական և կարևորագույն խնդիրը, որի մասին առայժմ հանրությունը տեղեկացված չէ։
Լիզա Ֆռանկյան