Փաշինյանը աստիճանաբար հրաժարվում է «Քաղպայմանագրի» ծառայություններից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը աստիճանաբար հրաժարվում է «Քաղպայմանագրի» ծառայություններից և իր համար նոր թիմ է ստեղծում՝ բաղկացած իր մտերիմներից, բացառապես անդեմ, քաղաքական որևէ կրեդո և սկզբունք չունեցող, ինչպես նաև լուրջ ամբիցիաներ չցուցաբերող անձանցից։ Այլ կերպ, քան նման եզրակացություն անելն անհնար է, չանելն անհնար է։
Փաշինյանի կառավարությունում ամենաբարձր պաշտոնները՝ փոխվարչապետի պաշտոնները, զբաղեցնում են երկու անձինք, որոնք բացարձակ որևէ քաղաքական ամբիցիա չեն ցուցաբերել և իշխող ուժի թիմում չեն եղել նույնիսկ 2018 թվականի «հեղափոխության» օրերին։ Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկում» բարձր պաշտոն էր զբաղեցնում, Տիգրան Խաչատրյանն էլ հանրապետական իշխանություն օրոք էկոնոմիկայի փոխնախարարն էր, այժմ էլ ֆինանսների նախարար է դարձել։
Փաշինյանի մեկ այլ մտերիմ Վահե Հովհաննիսյանը, որը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, քաղաքական հայտարարությունով երբեք աչքի չի ընկել (հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը քաղաքական է) և նախարարի աշխատասենյակ հասել է բացառապես Փաշինյանի հետ ունեցած անձնական մտերմության շնորհիվ։
Ըստ էության, Փաշինյանը գիտակցում է, որ իր կուսակիցները որքան էլ տգետ և ապիկար են, այդուհանդերձ կարճ, բայց որոշակի քաղաքական անցյալ ունեն և կարող են քաղաքական ամբիցիաներ ցուցաբերել, առավել ևս, որ շատերը փաբերից և այլ ըմպելարաններից են հասել նախարարի, պատգամավորների պաշտոններին և իրենց թվում է, թե իրենց նոր արտոնությունները բացառապես իրենց արժանիքների համար են իրենց տրվել։
Ուստի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակ գիտակցում է՝ առաջին և ամենավտանգավոր հատվածը, իր իշխանությանը սպառնացող խումբը գտնվում է ոչ թե ընդդիմության ներսում կամ արտախորհրդարանական ընդդիմության մեջ, այլ հենց գործող իշխանության շրջանակներում և միայն գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ կարող են այս պահի դրությամբ անհրաժեշտ պահին ներպալատական հեղաշրջման միջոցով հեռացնել Փաշինյանին, ուստի և Փաշինյանն ինքն է սահմանափակում նրանց լիազորություններն ու հնարավորությունները՝ իր համար սեփական և անդեմ էլիտա ձևավորելով։
Աննա Նադոյան