Ամերիկացիների կեսը կարծում է, որ ԱՄՆ համաշխարհային ազդեցությունը թուլանում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացիների մոտավորապես կեսը եւ հանրապետականների ճնշող մեծամասնությունը կարծում են, որ ԱՄՆ գլոբալ ազդեցությունը թուլանում է:
Ըստ Pew Research-ի հարցման՝ հարցվածների 47%-ը նշել է, որ երկրի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում թուլանում է, մինչդեռ 19%-ը հայտարարել է, որ այն աճում է, իսկ մնացածը այն անփոփոխ են համարում:
Եզրակացությունները կարող են զարմացնել դեմոկրատներին, որոնք հույս ունեին, որ Ջո Բայդենի կողմից Դոնալդ Թրամփին փոխարինելը կբարելավի երկրի վարկանիշն ու դիրքն աշխարհում։
Նախագահ Բայդենի կողմնակիցները լայնորեն պաշտպանել են այն վարկածը, որ նրա վարչակազմը կվերականգնի Ամերիկայի խարխլված համաշխարհային հեղինակությունը՝ բարձրացնելով ԱՄՆ-ին իր տնտեսական դաշնակիցների եւ մրցակիցների շրջանում:
Նոր հարցման մեջ չկա հարց Բայդենի վարչակազմի գործունեության մասին, սակայն այն ցույց է տվել, որ շատ ամերիկացիներ դժգոհ են իրենց երկրից միջազգային ասպարեզում:
Ինչպես եւ սպասվում էր, արձագանքները բաժանվել են կուսակցական գծով։
Ամերիկացիների 58%-ը, որոնք չեն աջակցում ներկայիս նախագահին կամ նրա կուսակցությանը, կարծում են, որ ազգի ազդեցությունը թուլանում է, համեմատած դեմոկրատների 37%-ի հետ, որոնք աջակցում են Բայդենին:
Pew-ը հարցում է անցկացրել 18 այլ երկրների քաղաքացիների շրջանում եւ պարզել է, որ ամերիկացիներն ամենից շատ հիասթափված են իրենց երկրի գլոբալ դիրքից: Ոչ մի այլ երկիր չի ունեցել հարցվածների այդքան մեծ մասնաբաժին, որոնք վախենում են, որ իրենց ազգը կորցնում է համաշխարհային տերության իր կարգավիճակը:
«Գրեթե յուրաքանչյուր հարցված երկրում նրանք, ովքեր չեն աջակցում իշխող քաղաքական կուսակցությանը, ավելի հաճախ, քան կողմնակիցները, կարծում են, որ իրենց երկրի ազդեցությունն աշխարհում թուլանում է»,- ասվում է զեկույցում:
Ճապոնացի հարցվածների 43%-ն ասել է, թե կարծում է, որ երկրի գլոբալ ազդեցությունը թուլանում է, իսկ 8%-ը կարծում է, որ այն աճում է:
Մեծ Բրիտանիայում հարցվածների 39%-ը կարծում է, որ երկրի գլոբալ ազդեցությունը թուլանում է, իսկ 18%-ը կարծում է, որ այն աճում է:
Աշխարհի խոշորագույն տնտեսություններից միայն Գերմանիան է հայտնել երկրի գլոբալ կարգավիճակի ամրապնդման հարաբերական վստահության մասին: Գերմանացիների 25%-ը կարծում է, որ ազգի ազդեցությունն աճում է, իսկ 22%-ը կարծում է, որ այն նվազում է։
Հարցված 19 երկրներից միայն Իսրայելում է բնակիչության մեծամասնությունը կարծում են, որ իրենց գլոբալ ազդեցությունն աճում է:
Ամերիկայի համաշխարհային հեղինակության թուլացման մասին խոսակցություններն անխուսափելիորեն վերածվում են Չինաստանի ազդեցության աճի մասին խոսակցությունների։ Ավելի վաղ Pew-ի զեկույցը ցույց էր տվել, որ ամերիկացիների 66%-ը կարծում է, որ Չինաստանի գլոբալ ազդեցությունն աճում է, մինչդեռ միայն 10%-ն է հավատում, որ այն նվազում է:
Ամերիկացիների մոտավորապես նույն մասնաբաժինը՝ 67%-ը, սոցիոլոգներին ասել է, որ իրենք Չինաստանի հզորությունն ու ազդեցությունը համարում են սպառնալիք: Սակայն հասարակությունը Չինաստանին ավելի շատ դիտարկում է որպես մրցակից, քան թշնամի:
Ռուսաստանը, հակառակը, դիտվում է որպես Ամերիկայի թշնամի: Այս վերաբերմունքն արագ փոխվել է Ուկրաինայի պատերազմից հետո։ Տարեսկզբին Pew-ի կողմից հարցված մարդիկ Չինաստանն ու Ռուսաստանը համարում էին որպես ավելի տնտեսական մրցակիցներ, քան սառը պատերազմի ժամանակների թշնամիներ: