Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Գրիգորյանի հայտարարությունները հակասում են միմյանց․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին միութենական պետության մաս կազմել: Ավելին, ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում է տեղավորվում նաև թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այս օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը:
ՀՀ ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը թեև նշում է՝ ՌԴ-ի հեռավար նպատակների մեջ գուցե տեսանելի նման ցանկություններ (Հայաստանը միութենական երկրի մաս դարձնելու) կան, բայց չի հաստատում Գրիգորյանի այն ասածը, թե պաշտոնական Մոսկվան ստիպում է:
Ինչ է ստացվում՝ իշխանության տարբեր էշելոնի ներկայացուցիչները ոչ միայն համակարծիք չեն, այլ նաև տեղյակ չեն, թե իրենց իսկ կողմից ղեկավարվող երկիրն արտաքին քաղաքական ինչ վեկտոր ունի: Սա մեկը մյուսից անտեղյակ լինելու, կամ, որ ավելի վատ է, միմյանց «մերժելու» մասին է վկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։