Բրիտանացի մի խումբ գործիչներ միջազգային առաջնորդներին կոչ են արել անհապաղ զբաղվել Լաչինի միջանցքի հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային հանրությանը ցավալիորեն չի հաջողվել դադարեցնել Ադրբեջանի կողմից շարունակվող ահաբեկչական պատերազմը, որը 21-րդ դարում սանձազերծվել է հայկական պատմական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղում (որը Ստալինի կողմից հանձնվել էր Ադրբեջանին) ապրող հայերի դեմ և իրականացվում է միջնադարյան ոճով պաշարման միջոցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն են տարածել Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ռոուեն Ուիլյամսը, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Քոքսուորթը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները և պատգամավոր Թիմ Լաութոնը:
Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:
«Համաձայն միջազգային իրավունքի՝ կա պատասխանատվություն կանխատեսել և կանխել ցեղասպանությունը, պաշտպանել տուժածներին և պատժել ագրեսորին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների կողմից դատապարտմանը, Ադրբեջանի այս բռնությունների մասին ԶԼՄ-ների փաստացի լռությունը շարունակվում է, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպանական քաղաքականությունը», – նշվում է նամակում:
Նամակի հեղինակները միջազգային առաջնորդներին կոչ են անում «անհապաղ կերպով զբաղվել այս սարսափելի ողբերգությամբ»:
«Հուսով ենք, որ խիզախ և վաստակաշատ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքների վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանական հանցագործությունների բնույթը», – գրված է նամակում: