Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5˚...-8˚C, որը 1˚C–ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ–ի պաշտոնական կայքում զետեղված հաշվետվությունից՝ փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է:
Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2˚C, 80˚–100˚ մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձորի ցածրադիր մասեր)` -1…-2˚C, 1000–1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2˚C, 1500–2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4˚…-6˚C:
Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում` -41˚C (1947 թ), և Աշոցքում` -40˚C (1946 թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը -0,9˚C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26˚C դիտվել է 1928 թ.–ին, -27˚C 1972 թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին: Երևանում 1885–2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15–20%–ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5˚…+6˚C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20˚C (1955 թ.), Կապանում` +26˚C (1955 թ.):
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%–ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8–14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ–ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին:
Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20–40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70–150 սմ: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1–8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար՝ 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: