Հրդեհ «Արմենտելի» երեւանյան գրասենյակում. ոստիկանության աշխատակիցը ծխահարումով հոսպիտալացվել է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 23:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում՝ «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ 1-ին հարկում՝ գնումների եւ մոնիթորիգի բաժնի գրասենյակի նախասրահում (մոտ 65 քմ տարածք), այրվել է կախովի առաստաղ՝ 3 քմ, ջերմահարվել՝ 63 քմ, այրվել է՝ 1 օդորակիչ, 1 պատուհան, 10 տուփ թուղթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել ՝ 23:31-ին:
Հրդեհի վայրում է գտնվել ոստիկանության Պետական պահպանության վարչության ավագ հրաձիգը, ով ծխահարումով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: